ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Երեք ամսից Թրամփը կհայտարարի համաձայնագրից դուրս գալու մասին»

Վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ–ում ակտիվացել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ քննարկումները։ Հարցի վերջնական որոշումը հետաձգվել է 120 օրով։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ԱՄՆ– Իրան հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարը։
Sputnik
Սարգսյան. «Երեք ամսից Թրամփը կհայտարարի համաձայնագրից դուրս գալու մասին»

ԱՄՆ նախագահ Թրամփը, թեև դեռ վերջնական որոշում չի կայացրել միջուկային համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ, բայց այդ թեմայով սպառնալիքներ շարունակում են հնչել ԱՄՆ-ից։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում կարծիք է հայտնել, որ երեք ամսից ԱՄՆ նախագահն, այնուամենայնիվ, կհայտարարի համաձայնագրից դուրս գալու մասին։

«Դա շատ վտանգավոր քայլ կլինի, որովհետև համաձայնագիրը ձեռք է բերվել բավականին ծանր աշխատանքի և բանակցությունների արդյունքում։ Մեծ հաշվով կողմերը միայն ԱՄՆ-ն ու Իրանը չեն, այլև ԵՄ-ի մի շարք երկրներ, այդ թվում`ԱՄՆ-ի դաշնակիցները և ՌԴ-ը»,-ասաց Սարգսյանը։

Սպիտակ տունն Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը հետաձգել էր 120 օրով, սակայն միաժամանակ հայտարարել, որ այդ ժամկետում ատոմային գործարքում պետք է լուրջ փոփոխություններ արվեն: Թրամփը եվրոպացի գործընկերներին կոչ էր արել կա՛մ համաձայնել այն սկզբունքներին, որոնք ինքն է առաջարկում, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա այդ համաձայնագրից։