Ռուսաստանցիները Հայաստանին ավելի շատ են վստահում, քան Վրաստանին ու Ադրբեջանին

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ռուսաստանի բնակիչները Հայաստանին ավելի շատ են վստահում, քան Վրաստանին ու Ադրբեջանին, սակայն ավելի քիչ, քան Բելառուսին և Ղազախստանին։ Իսկ Մոլդովային ընդհանրապես չեն վստահում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանն ընդգրկված է ԱՊՀ երկրների եռյակում, որին ռուսաստանցիներն ավելի շատ են վստահում։ Այդ են վկայում «Ռամբլեր» պորտալի վերլուծական ծառայության հարցման արդյունքները։

«Ռուսաստանցիների մեծ մասը (50%) Բելառուսին ավելի շատ են վստահում, քան հետխորհրդային տարածքի ցանկացած այլ երկրի։ Ռուսաստանի քաղաքացիների վստահությանն արժանացած երկրորդ երկիրը Ղազախստանն է (17%), երրորդը` Հայաստանը (13%)։ Նախկին ԽՍՀՄ-ի մյուս բոլոր պետությունները հարցման արդյունքում ձայների 10%-ից պակաս են հավաքել», — գրված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ռուսաստանցիները վստահում են Ուկրաինային (5%)։ 3% է հավաքել Ղրղըզստանը, 2-ական տոկոս` Ադրբեջանը, Լիտվան, Ուզբեկստանն ու Էստոնիան, 1-ական տոկոս` Վրաստանը, Լատվիան, Տաջիկստանն ու Թուրքմենիան, իսկ Մոլդովան նույնիսկ մեկ տոկոս չի հավաքել։

Հարցմանը մասնակցել են 1419 մարդ։