Հայկական կոնֆետները կախվածության մեջ են գցել երգչուհի Պոլինա Գագարինային

Հայտնի երգչուհին արդեն մտածում է հայկական կոնֆետներն իր ռայդերում (համերգների կազմակերպիչներին ներկայացվող պահանջների ցանկը) ներառելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ռուս երգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի Պոլինա Գագարինան խոստովանել է, որ չի կարողանում մոռանալ Հայաստանում արտադրված կոնֆետների համը։

«Ի՞նչ վիճակում են ձեր հետտոնական դիետաները։ Կամքի ուժը հերիքու՞մ է։ Անկեղծ ասած` երբեմն քաղցրի սարսափելի կարիք ունեմ, հատկապես երբ նյարդայնանում եմ ելույթից առաջ։ Իմ երաժիշտները միշտ ինչ-որ բան են պահում գրիմանոցում։ Վերջին շրջանում մեր թիմի հիթը կաթնային շոկոլադն է, որն արտադրվում է Հայաստանում։ Երկու գնդիկ, և էնդորֆինի չափաբաժինն ապահովված է։ Գուցե ժամանա՞կն է, որ դրանք ներառեմ իմ ռայդերում», — գրել է նա Instagram-ի իր էջում։

Երգչուհու հետ համամիտ են նրա բաժանորդներից շատերը։ Հատկապես հայ բաժանորդներին անչափ ուրախացրել է երգչուհու ընտրությունը։

Պոլինա Գագարինան հայտնի երգչուհի է, կոմպոզիտոր, դերասանուհի, մոդել։ Նա Ռուսաստանն է ներկայացրել «Եվրատեսիլ 2015» երաժշտական մրցույթում և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։

Այսօր երգչուհուն շատերը գիտեն որպես «Ձայնը» շոուի ժյուրիի ամենավառ անդամներից մեկը։