Կարապետյան. «Գնաճով մենք հետ ենք Վրաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՆԱ–ի աճով առաջ կլինենք»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է` լուրջ գնաճ չի լինի, իսկ ՀՆԱ–ի աճով Հայաստանն արդեն առաջ է հարևաններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանը գնաճով հետ է Վրաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՆԱ աճով առաջ է։ Այդ մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 2,6 տոկոս, Վրաստանում` 6,7 տոկոս, Ադրբեջանում` 7,9 տոկոս։

Պիպոյան.«Եթե կա 2% գնաճ, բայց չկա աշխատավարձերի բարձրացում, ուրեմն մարդկանց կյանքը վատացել է»

Հայաստանում սպեկուլյատիվ թանկացումներ չկան։ Բայց վառելիքի գներն աճել են հարկային փոփոխությունների պատճառով, իսկ մի շարք մթերքների թանկացումը կապված է համաշխարհային իրադրության հետ։ Օրինակ, ինչպես պնդում է վարչապետը, կարագի և խոզի մսի դեպքում։

2017թ-ի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կարագը թանկացել է 40 տոկոսով, խոզի միսը` ավելի քան 35 տոկոսով, ոչխարի միսը` 30, տավարի միսը` 17, պանիրը` 12 տոկոսով։

Հնդկաձավարն էժանացել է շուրջ 20, ոսպը` 12, մակարոնը` 3, խնձորը` 30 տոկոսով։

«Իսկ եթե դուք խոսում եք սեղմված գազի, դիզելի և բենզինի մասին, ապա հարկերն աճել են։ Ճիշտ է։ Եվ մենք դա արել ենք, որպեսզի կարողանանք վերադարձնել վարկերը և օգնել տնտեսությանը։ Քանի որ մենք հարկային արտոնություններ ենք սահմանել մի շարք այլ ոլորտներում։ Ուստի մեզ մոտ սաստիկ գնաճ չկա և չի լինի։ Այս առումով մենք հետ ենք մնում տարածաշրջանում, իսկ տնտեսության աճով առաջ ենք», — ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2017թ-ի 3-րդ եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 4,4 տոկոսով, Հայաստանի ՀՆԱ-ն` 6,2 տոկոսով, Ադրբեջանի ՀՆԱ-ն` 0,1 տոկոսով։