Կարապետյան. «Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման առաջարկ կա՞, ցույց տվեք»

Եթե ինչ–որ մեկը հայտարարում է, որ Հայաստանը խանգարում է իրանական գազի տարանցմանը, ապա վարչապետը պահանջում է ցույց տալ կոնկրետ նախագծերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnk. Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման մասին ցանկացած առաջարկ կարող է քննարկվել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին։

Հայաստանի իշխանություններին հաճախ են քննադատում, որ 2000թթ-ի կեսերին Իրանից եկող գազատարը կառուցել են ընդամենը 720 մմ տրամագծով (ռուսական գազը Վրաստանի տարածքով անցնում է 1000 մմ տրամագծով խողովակով)։

«Եթե մենք երկու անգամ ավելի լայն կառուցեինք, ապա չորս անգամ ավելի թանկ կարժենար։ Եվ եթե մենք տարանցման մասին առաջարկներ չստանայինք, տեղին հարց կհնչեր` ինչու՞ ենք կառուցել», — ասաց Կարապետյանը։

Էնֆիաջյանի այն դիտողությանը, որ հայկական կողմը խոչընդոտում է նման նախագծերը, վարչապետը պատասխանեց. «Նրանք, ովքեր այդպես են ասում, թող ցույց տան նախագիծը, որի մասին խոսում են։ Առարկայական կքննարկենք` որտեղ և ինչով է խանգարում հայկական կողմը»։

Հիշեցնենք, որ իրանական գազը Հայաստանն օգտագործում է Երևանի ՋԷԿ-ի և մասամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար (պատկանում է «Գազպրոմ Արմենիային»)։ Հայաստան մտնող մնացած գազը ռուսական է։