Կարեն Կարապետյանին զայրացրին. «Մարդն իրավունք չունի՞ արձակուրդ գնալու»

Հայաստանի կառավարության ղեկավարը տոներից հետո է արձակուրդ գնացել։ Դրանից առաջ նա ավելի քան մեկ տարի չէր հանգստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. 2016 թվականի սեպտեմբերից ի վեր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միայն ութ օր է հանգստացել։ Այս մասին հայտնեց հենց ինքը` Կարապետյանը, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում` պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանին։

«Դուք մարդկանց կոչ եք անում‚ որ հունվարի 3-ից դուրս գան աշխատանքի‚ իսկ դուք արձակուրդի մեջ եք գտնվում: Ձեր խոսքի ու գործի անհամապատասխանության պարզաբանումը կուզենայի ստանալ»,- ասաց Մարուքյանը։

Վարչապետն էլ պատասխանեց, որ 2016 թվականի սեպտեմբերից ի վեր ութ օր է հանգստացել։

«Երեք օր` 2017 թվականի ամռանը, հինգ օր էլ` հունվարի 8-ից 12-ը։ Մարդ իրավունք չունի՞ արձակուրդ գնալու», — հարցրեց նա։

Հետո ավելացրեց, որ հաջորդ տարվա արձակուրդն էլ կվերցնի` չխախտելով օրենքն ու արձակուրդի համար հատկացված օրերը։

Ավելի վաղ, վարչապետի պնդմամբ, կառավարությունը ներկայացրել էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխման նախագիծը։ Նախագծում կատարված փոփոխությունների համաձայն` այլևս տոնական չեն համարվի հունվարի 3-ը, 4-ը, 5-ը։ 2019 թվականից հայաստանցիներն աշխատանքի դուրս կգան հունվարի 3-ից։