Ճվճըվ Արոյի որդու արարքը դատապարտել է նախարարը, բայց նրա մասին հարցերին չի պատասխանել

Հասարակությունը պետք է միաձայն դատապարտի նման արարքները, բայց նախարարը չի կարող մեկնաբանել կոնկրետ գործը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ավտոմեքենայի ղեկի դիմաց նստած վարորդի անպատասխանատու արարքը պետք է դառնա պարսավանքի առարկա։ Այդ մասին չորեքշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով Սարգիս Վարդանյանի` հանգուցյալ «Ճվճըվ Արոյի» (քրեական հեղինակություն Արա Վարդանյան) որդու գործի վերաբերյալ հարցին։

«Ճվճըվ Արոյի» որդիները երթևեկության կանոնների խախտման մոտ 15 հազար դոլարի տուգանք են ունեցել

Ինչ վերաբերում է կոնկրետ գործերով քննությանը, ապա այստեղ անօգուտ է արդարադատության նախարարից ինչ-որ գնահատական ակնկալել։ Ոչ թե նա պարտավոր չէ, այլ պարզապես իրավունք չունի միջամտելու քննության ընթացքին, ասաց Հարությունյանը։

«Պարզաբանումներ կարող են տալ իրավապահ կամ քննչական մարմինները», — ավելացրեց նա։

Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին, ժամը 04:40-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խաչիկ Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Փաստաբանը` Ճվճըվ Արոյի ու նրա որդիների անպատժելիության ու արդարադատության մասին

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Քննիչը միաժամանակ որոշում է կայացրել՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։