ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Լավրովի հայտարարությունը Ադրբեջանի վրա սթափեցնող ազդեցություն կունենա, Sputnik Արմենիային ասաց Երվանդ Բոզոյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ լուծել հնարավոր չէ. անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտահայտի հնարավոր քայլերի շուրջ համաձայնությունը և կսահմանի այն հարցերի շուրջ աշխատանքները, որոնք հավելյալ քննարկումների կարիք ունեն՝ հանուն վերջնական կարգավորման, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Լավրովի ասածը վերաբերում էր Ադրբեջանի մշտական հայտարարություններին, թե միջնորդները (առաջին հերթին` Մոսկվան) իբր խոստացել էին ինչ-որ բան անել հակամարտության լուծման հարցում։ Մեսիջը հիմնականում Բաքվին էր ուղղված, որպեսզի այնտեղ առանձնապես ակնկալիքներ չունենան», — ասաց Բոզոյանը։
ԸՍտ փորձագետի` տարիներ շարունակ Ադրբեջանում կարծում են, որ Մոսկվան պետք է նպաստի հայկական կողմի տարածքային զիջումների լուծման հարցում։ Մեջբերում են ինչ-որ վերլուծաբանների, որոնք իբր մոտ են Կրեմլին։
Ադրբեջանական իշխանությունները հիշեցնում են, որ խնդրի կարգավորմանը քիչ է մնացել։
«Այդ հայտարարությունը ադրբեջանցիների համար սթափեցնող է։ Ցույց է տալիս, որ Ռուսաստանը բավականին հավասարակշռված ու գործնական դիրքորոշում ունի։ Այսպիսով`ներքին լսարանի համար նախատեսված սպեկուլյացիաներն այն մասին` իբր համանախագահ երկրներից մեկը Բաքվին վստահեցրել է, որ հակամարտությունը արագ լուծում կստանա, ցրվեցին», — ասաց Բոզոյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը լսում են այն, ինչ ուզում են
Այլ կարծիք ունի ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ Լավրովի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար, սակայն Երևանում ու Բաքվում այն յուրովի են ընկալել։
«Կողմերը հակառակ դիրքորոշումներից են մեկնաբանում։ Ադրբեջանը տեսել է միայն փուլային որոշումը։ Նրանց մեկնաբանությամբ դա նշանակում է հայկական զորքերի դուրսբերում անվտանգության գոտուց, իսկ հետո Բաքուն կարգավիճակի հարցը կորոշի այնպես, ինչպես ցանկանա», — ասաց Կրիլովը։
Հայկական կողմը, նրա խոսքով, առաջին հերթին կարգավիճակի հարց է տեսել` այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հետ կապված հարցը պետք է լուծվի։ Նաև ուշադրություն է դարձվել շփման գծում իրավիճակի լարվածությունը թուլացնելու հատվածին։
«Չէ՞ որ Ադրբեջանը փորձում է պահպանել լարվածության աստիճանն ու ճնշել հայկական կողմին, որպեսզի հյուծի ռազմական, տեղեկատվական ու քարոզչական ոլորտում ու ուժասպառ անելով հաղթի պատերազմը», — ասաց Կրիլովը։
Նրա խոսքով` համանախագահների մանդատը չի ենթադրում, թե նրանք կարող են որոշումներ կայացնել Ղարաբաղի վերաբերյալ, հատկապես, որ նրանք կարող են ամենևին էլ չհավանել առաջարկությունները։
«Համանախագահները պետք շփման կետեր ու փոխզիջումներ գտնեն կողմերի համար։ Միակ տարբերակը, որի դեպքում կարող է ինչ-որ պարտադրանք լինել, արտասահմանյան զորք մտցնելն է, որը նրանց համար շահավետ պայմաններ կթելադրի։ Իսկ դա չի բխում ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական շահերից», — ասաց Կրիլովը։
Հունվարի 15-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ այս փուլում կարևոր է շփման գծում կայունության հասնելը, ինչը թույլ կտա քաղաքական կարգավորման անցնել։