Թանկացումները հասան գյուղ. գյուղմթերքը կթանկանա 5%–ով

Գյուղմթերքը կթանկանա, հայաստանյան բերքն ու բարիքն էլ չեն կարողանա մրցակցել ԵԱՏՄ–ի ներքին շուկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Գյուղատնտեսական արտադրանքն այս տարի կթանկանա շուրջ 5%-ով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կանխատեսում արեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Սպասվող թանկացման պատճառը հունվարի 1-ից դիզվառելիքի և պարարտանյութերի թանկացումն է, ինչպես նաև երրորդ երկրներից ներկրվող պարարտանյութերի, սերմացուի և թունաքիմիկատների ներկրման դիմաց գանձվող բարձր հարկերը։

«Մեր հաշվարկներով` 1հա-ի մշակությունը` կախված կուլտուրաների տեսակից, ավելացել է 10-40 հազար դրամով։ Սա գյուղացու համար լուրջ գումար է»,- ասաց Բերբերյանը` նշելով որ ծախսերի ավելացումը կհանգեցնի նաև գյուղմթերքի ինքնարժեքի ավելացման։ Արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի մանրածախ գինը շուրջ 5%-ով կթանկանա։

Ներքին շուկայից բացի, սպասվող թանկացումները, Բերբերյանի համոզմամբ, կազդեն նաև գյուղմթերքի արտահանումների վրա։

«Այս վիճակում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում մրցակցելն անհնար է»,- ասաց մասնագետը` հիշեցնելով, որ ԵԱՏՄ անդամ գրեթե բոլոր երկրներում գործում են գյուղատնտեսության սուբսիդավորման պետական ծրագրեր, մինչդեռ Հայաստանի կառավարությունը հրաժարվեց սուբսիդավորման գաղափարից։

Թանկացումների դեմ պայքարի 2 ճանապարհ կա. խորհրդարանական իշխանության և ընդդիմության առաջարկները

Անդրադառնալով անոմալ եղանակի հետևանքով կանխատեսվող երաշտին` Հրաչյա Բերբերյանը համոզմունք հայտնեց, որ տեղումների քանակը բավարար կլինի հողի անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար։

«Երեկ մենք Ամասիայում էինք։ Եթե Շիրակում ձյունը քիչ էր, Ամասիայում 50 սմ ձյուն կար։ Ծաղկաձորում էլ կա, Հրազդանի կողմերում էլ։ Դեռ մի ամիս ունենք, հույս կա, որ ձյուն դեռ կլինի։ Այստեղ կարևոր է, որ ջրամբարները լցվեն»,- ասաց Բերբերյանը։

Իսկ ջրամբարների թերլցման պատճառը, նրա համոզմամբ, ոչ թե եղանակն է, այլ ջրամբարները սնուցող գետերի հուների վրա կառուցված ՀԷԿ-երը, որոնք չորացնում են գետի հունն ու խոչընդոտում ջրամբարներում ջրի ավելացմանը։

«Այդ ՀԷԿ-երը պետք է ոչնչացնել։ Ոչ թե դադարեցնել աշխատանքը, այլ ընդհանրապես ապամոնտաժել,- ասաց նա,- մինչև հունիս ամիսը գետերի ջրի կեսը տանում են, հետո ասում են` ջրամբարում ջուր չկա»։

Գյուղատնտեսության փրկության ու զարգացման համար «Ագրարագյուղացիական միավորում»-ն առաջարկում է 3 հիմնական ծրագիր` անասնակերի բազայի հզորացում, տոհմային անասնապահության զարգացում և ինտենսիվ գյուղատնտեսության հիմնում։ Հրաչյա Բերբերյանը տեղեկացրեց, որ առաջարկներն արդեն ներկայացրել են կառավարությանն ու սպասում են արձագանքի։