«Ճվճըվ Արոյի» որդիները երթևեկության կանոնների խախտման մոտ 15 հազար դոլարի տուգանք են ունեցել

«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` նախորդ տարում «Ճվճըվ Արոյի» որդիների` երթևեկության կանոնների խախտման պատճառով ավելի քան 15 հազար դոլարի տուգանքը վճարել է նրանց պապը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի «հերոսի»՝ Երևանի ավագանու նախկին անդամ, «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի և նրա եղբոր քաջագործությունների մասին:

Պարզվում՝ նախորդ տարվա ընթացքում Սերժ և Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»:

Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանվել՝ նշելով, որ դրանք անձնական տվյալներ են և հրապարակման ենթակա չեն»: