Մոսկվայի քաղաքապետն ըստ արժանվույն է գնահատել Արթուր Գասպարյանի աշխատանքը

Երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանն արժանացել է լրագրության ոլորտում Մոսկվայի 2017 թվականի մրցանակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայտնի երաժշտական քննադատ, հեռուստահաղորդավար, «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթի սոցիալ–մշակութային ուղղվածության վերլուծաբան Արթուր Գասպարյանը ստացել է լրագրության ոլորտում շնորհվող Մոսկվայի մրցանակ, հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Գասպարյանը մրցանակը ստացել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինից` մայրաքաղաքի երաժշտական կյանքի լուսաբանման ոլորտում երկար տարիների լրագրողական գործունեության համար։

Երևանը մտադիր է Մոսկվայի հետ համագործակցությունն ընդլայնել բոլոր ոլորտներում

Մրցանակի արժանացել էին 15 մարդ, այդ թվում նաև` սպորտային լրագրող Սմիտրի Գուբերնիևն ու ՎԳՏՌԿ–ի թղթակից Ալեքսանդր Կարպովը։

Մրցանակաբաշխության ընթացքում քաղաքապետը լրագրողներին շնորհավորել է անցած մասնագիտական տոնի` ռուսական տպագիր մամուլի օրվա կապակցությամբ` նշելով, որ լրատվամիջոցներում այսօր աշխատում է մի քանի տասնյակ հազար մոսկվացի։

Մրցանակը շնորհվում է 2001 թվականից։ Այն տրվում է հանրային ճանաչում ստացած ու մայրաքաղաքի կյանքի կարևոր խնդիրները բարձրացնող մոսկվացիների և Մոսկվայի մասին առավել տաղանդավոր և արդիական լրագրողական նյութերի, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների համար։

2002-2017 թվականների ընթացքում լրագրության ոլորտում Մոսկվայի մրցանակ են ստացել ԶԼՄ–ների 229 ներկայացուցիչ։ 2017 թվականին Սոբյանինի հրամանով պարգևավճարի չափն ավելացել է` 200 հազարից դառնալով 1 մլն ռուբլի յուրաքանչյուրի համար։