Եզդիները չեն նահանջում. Իրաքում վերաբացվել է ԻՊ–ի կողմից ավերված եզդիական 68 տաճարներից մեկը

Միջոցառման ժամանակ հանգանակություն է կատարվել, որպեսզի կարողանան փրկագին վճարեն գերության մեջ մնացած եզդիների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 Հունվար — Sputnik. Երեկ` հունվարի 16–ին, հարյուրավոր եզդիներ հավաքվել են Բաշիքա քաղաքում եզդիական վերակառուցված սրբատեղիներից մեկի վերաբացման արարողության համար: Անցած տարի հուլիսին ազատագրված Բաշիքա քաղաքը Մոսուլից 15 կմ հեռավորության վրա է դեպի արևելք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քրդագետ Կարեն Հովհաննիսյանը։

Եզդիները երախտապարտ են հայերին

2014թ.-ին ԻՊ-ի զինյալներն ավերվել են եզդիական սրբավայրերը: Վերականգնված տաճարը ԻՊ-ի կողմից ավերված եզդիական 68 տաճարներից մեկն է միայն:

Միջոցառմանը մասնակցել են 21 կին, որոնք կրել են սպիտակ հագուստ, իսկ տղամարդիկ ավանդական «դիշդաշա» տարազը: Միջոցառման ժամանակ նաև հանգանակություն է կտարվել, որպեսզի կարողանան փրկագին վճարեն գերության մեջ մնացած եզդիների համար։

Քրդստանում, մինչև ԻՊ-ի զինյալների հարձակումը, բնակվում էին 550 հզ.-ից ավելի եզդի, սակայն, ըստ քրդական կառավարության կրոնական գործերի նախարարության տվյալների, 360 000 եզդի տեղահանվել են, 100 000-ից ավելին` արտագաղթել են: 2014թ. օգոստոսին ԻՊ-ի կողմից հարձակման ենթարկված և գերեվարված 6 417 եզդիների կեսը դեռևս գերության մեջ են: Եզդիների կրոնական առաջնորդ Ալի Ռաշվակարին կոչով դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի օգնեն վերականգնելու եզդիական բոլոր սրբավայրերը, որոնք ոչնչացվել են ԻՊ-ի զինյալների կողմից: