Հայտնի են ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին ներկայացված ցմահ դատապարտյալների անունները

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 Հունվար — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ ազատազրկման են դատապարտված:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակներում, բանդիտիզմի, երկու և ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:

Ներման համար ներկայացվել է նաև Արմեն Տեր-Սահակյանը, որն էլ անցնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում էր հանցավոր խմբավորումներ կազմավորելու և սպանություններ իրականացնելու մեջ: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների՝ Արմեն Տեր-Սահակյանը ժամանակին հրաժարվել է Վ. Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալուց և դրա համար դատապարտվել ցմահ ազատազրկման»: