ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը Հայաստան։ Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա` հունվարի 18-ի նիստում։
Նախագծով նախատեսվող արգելքն առայժմ ժամանակավոր է` 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։
Կառավարության օրակարգում ներառված նախագծի «Հիմնավորում» բաժնում գրված է. «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում»:
Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը կառավարությունն անհետաձգելի է համարում: Այն հաստատվելուց հետո կներկայացվի ԱԺ` անհետաձգելի կարգով քննարկելու և ընդունելու համար։
Հիշեցնենք,որ նախորդ նիստում կառավարությունը մեկ այլ որոշում էր ընդունել, որով նախատեսվում էր ապրիլի 1-ից արգելել ապրիլի 1-ից հետո Հայաստան ներմուծված աջ ղեկով ավտոմեքենաների հաշվառումն ու շահագործումը։