Ողբերգական ավտոպատահարի զոհը ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդին է. մանրամասներ

Այսօր առավոտյան Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով մահացել է ձորակն ընկած մեքենայի վարորդը, որի ինքնությունն արդեն հաստատվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Առավոտյան տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մահացածը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է՝ Ռոբերտ Գալստյանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին Պաշտպանության նախարարությունից։

Ողբերգական վթար Երևանում. մեքենան ընկել է ձորակը

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Դեպքի վայրի հարևանությամբ ապրող մի քանի բնակիչներ shamshyan.com-ին հայտնել են, որ վթարի պատճառը եղել են թափառող շները։ Վարորդը փորձել է խույս տալ շներից, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել ողբերգական վթարը։