ՌԱԴԻՈ

Նավասարդյան. «Դա ոչ թե գործադուլ էր, այլ դժգոհություն»

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է, որ վարորդների այսօրվա ակցիան գործադուլ չէր։
Sputnik
Հենրիկ Նավասարդյան

Այսօր առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երթուղային վարորդների բողոքի ակցիան ոչ թե գործադուլ էր, այլ դժգոհություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

«Գործադուլն այն է, որ երթուղիների սպասարկումն ընդհանրապես դադարեցնում են։ Բայց եթե մի երթուղուց ընդամենը մի քանի վարորդ են դժգոհություն հայտնել, մնացածն աշխատանքի մեջ են, կարծում եմ` դա գործադուլ չէ»,- ասել է նա։

Նավասարդյանը հայտնել է, որ վարորդների հետ հանդիպման ընթացքում հորդորել է նրանց գնալ աշխատանքի` նշելով, որ գազի թանկացման հարցով զբաղվում են պատկան կառույցները։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Երևանի երթուղային տրանսպորտի շուրջ 2 տասնյակ վարորդներ մի քանի ժամ դադարեցրել էին աշխատանքը` բողոքելով գազի թանկացումից։