Սերժ Սարգսյանի մտահոգությունը փարատվե՞ց. Հայաստանում ագահներ ու չարաշահողներ չկան

Համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել հայաստանյան գերիշխող շուկաներում և պարզել, որ Հայաստանում ագահներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) բենզինի և դիզվառելիքի շուկայում չարաշահումներ ու ագահության դեպքեր չի հայտնաբերել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հիմնավորվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտահոգությունն այն մասին, թե թանկացումները կարող են որոշ տնտեսվարողների ագահության պատճառ լինել։

«Այս պահի դրությամբ չարաշահման երևույթներ մենք չենք ֆիքսել»,- ասաց Շաբոյանը։

ՏՄՊՊՀ մոնիտորինգի համաձայն` հունվարի 1-ից հետո Հայաստանում 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը՝ 60, իսկ բնական սեղմված գազի 1 խմ-ը` 20 դրամով:

«Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ գնային բարձրացումներն ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Հունվարից բենզինի ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվով նախկին 25.000 դրամի փոխարեն դարձել է 40.000 դրամ, բացի այդ, մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը 120 000 դրամից, դարձել է 135 000 դրամ, ինչն էլ, բնականաբար անդրադարձել է վերջնական գնի վրա»,- ասել է Շաբոյանը։

Երևանյան երթուղայինների վարորդները խոստանում են շարունակել գործադուլը

Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է նաև, որ մինչև հունվարի 1-ը դիզելային վառելիքն ազատված էր ԱԱՀ-ով հարկումից։ Այս նոր հարկատեսակը ևս կարող էր նպաստել վառելիքի գնի թանկացմանը։

«Նշված փոփոխությունները մեր հաշվարկներով 1 լիտր դիզելային վառելիքի վրա կարող էին անդրադառնալ մոտ 60 դրամով»,- ասել է Շաբոյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` ՏՄՊՊՀ նախագահը հայտարարել է, որ բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են։

«Հիմնական տարբերությունն այն է, որ Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է Վրաստանի տարածքով երկաթուղային տրանսպորտի միջոցով։ Տեղափոխման ծախսերն էական ազդեցություն են ունենում բենզինի գնի վրա, բացի այդ, Վրաստանը Ադրբեջանից, Թուրքմենստանից ևս ներկրում է իրականացնում: Այնուհանդերձ այս բոլոր գործոնների պարագայում այս պահին Հայաստանում և Վրաստանում ինչպես բենզինի, այնպես էլ դիզելային վառելիքի գները գրեթե նույնն են»,-ասել է նա։

Իսկ, օրինակ, կարագը, որն անցյալ տարվա ընթացքում ավելի քան 40%-ով թանկացել էր, Արտակ Շաբոյանի հավաստմամբ, առաջիկայում կարող է էժանանալ։ Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարագի միջազգային շուկայում գնային նվազեցումներ կան, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ առաջիկայում այդ ազդեցությունը կերևա նաև տեղական շուկայում:

Շաբոյանը հայտնել է, որ հանձնաժողովը շարունակում է հետևել գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը և վստահեցրել, որ գնային չարաշահումներ թույլ չեն տալու։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն էր անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Նախագահը նշել էր, որ պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում: Նա նշել էր, որ բազմաթիվ լծակներ կան` պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ: