Հայ մարզչին ցմահ զրկել են ֆուտբոլային գործունեությունից

Ուզբեկստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բաբայանին ցմահ զրկել են ֆուտբոլային ցանկացած գործունեությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ուզբեկստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանը ցմահ հեռացվել է երկրում ցանկացած ֆուտբոլային գործունեությունից։ Այդ մասին հաղորդում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՈՒՖՖ) մամուլի ծառայությունը։

Մխիթարյանը լավագույններից մեկն է ԱՊԼ–ում, նա պետք է «Արսենալին». ֆուտբոլային փորձագետ

«Գործադիր կոմիտեն համապատասխան որոշումն ընդունել է հունվարի 15-ին», — նշված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիայի տվյալների համաձայն` Բաբայանը թիմում ֆուտբոլիստների ընդունելիս հիմնվել է միայն «խնամիության» վրա։ ՈՒՖՖ-ն վստահեցնում է, որ նա հաշվի է առել միայն ծանոթ ֆուտբոլիստներին և անտեսել այլ փորձառու մարզիչների և փորձագետների կարծիքներն ու խորհուրդները։

Բացի այդ, Բաբայանին մեղադրում են հավաքականը մարզելու հարցում անպատասխանատու մոտեցում ցուցաբերելու մեջ։ Հաղորդագրության համաձայն` 2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական խաղերի ժամանակ նա թիմում կարգուկանոն չի հաստատել, չի վերահսկել խաղացողների ֆիզիկական վիճակը։

«Այդ ամենը բացասական է անդրադարձել հավաքականի մակարդակի վրա և ժողովրդի դժգոհության պատճառ դարձել», — հաղորդում է ՈՒՖՖ-ն։

Ֆեդերացիայի ղեկավարության կարծիքով, նախկին մարզիչը հավաքականի կազմ է վերցրել ցածր խաղային ցուցանիշներով խաղացողների` ելնելով սեփական կոմերցիոն շահերից։

ՈՒՖՖ-ում նշել են, որ հիմնովին կստուգեն յուրաքանչյուր ֆուտբոլային մարզչի գործունեությունը և համապատասխան միջոցներ կձեռնարկեն։

Ավելի վաղ 2017թ-ի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Սամվել Բաբայանի հետ միասին հեռացվել է հավաքականի ամբողջ շտաբը։

46-ամյա մարզիչը գլխավորել է Ուզբեկստանի հավաքականը 2015թ-ի հունիսից, երբ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Միրջալոլա Քասիմովին։