ՀՀԿ վերնախավը նախագահի անակնկալ թեկնածու ունի

«Ժամանակ» թերթն անդրադարձել է Հայաստանի հաջորդ նախագահի թեմային` նշելով, որ թեկնածուների ցանկում նոր անուն է հայտնվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ նախագահի հավանական թեկնածուների այն անունները, որոնք այս պահին գտնվում են շրջանառության մեջ՝ իրական չեն, իսկ այն մարդը, ով իսկապես կարող է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի կողմից առաջադրվել նախագահի թեկնածու՝ անակնկալ է լինելու հանրության համար: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Սարգսյանը բավարարում է նախագահին ներկայացվող պահանջները, քանի որ չորս տարուց ավելի է՝ 2013թ. սեպտեմբերից Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է»,– գրում է թերթը:

Չնայած Սարգսյանը ֆիզիկապես Բրիտանիայում է, սակայն դեսպանի կեցությունը հավասարեցված է Հայաստանում բնակության հետ: Սարգսյանի մտերիմները հաստատում են, որ նա հունվարի վերջին գալու է Հայաստան, և չեն բացառում, որ դա կարող է պայմանավորված լինել նախագահի պաշտոնում առաջադրվելու հետ կապված բանակցություններով»: