Երևանյան երթուղայինների վարորդները խոստանում են շարունակել գործադուլը

Երևանի երթուղային տրանսպորտի վարորդներն այսօր մի քանի ժամ գործադուլ են հայտարարել։ Պատճառը վառելիքի թանկացումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր առավոտից մի քանի երթուղային գծերի վարորդներ հավաքվել և հայտարարում էին, որ գործադուլ են հայտարարել` բողոքելով ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացման դեմ:

Հայաստանում դիզելի գինը չափազանցված է. ֆինանսների նախարարության մտահոգությունը

Վարորդները պնդում էին, որ գազի թանկացման հետևանքով չեն կարողանում գումար վաստակել, նրանք իշխանություններից պահանջում էին լուծել խնդիրը:

Բողոքի ակցիայի մասնակից վարորդների և երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Վարորդների հետ զրույցից հետո նա լրագրողներին հայտնեց, որ թանկացումների հարցն այս պահին կառավարության և ազգային ժողովի ուշադրության կենտրոնում է։

Ինչ վերաբերում է գազի թանկացումը մեղմելուն, Նավասարդյանը չբացառեց, որ ի վերջո կորոշվի վերանայել ակցիզային հարկը։

«Սակագնի վերանայման մասին խոսք այսօրվա դրությամբ չկա։ Կարծում եմ, որ ակցիզային հարկը կվերանայեն», —ասաց նա։

Վարորդները, սակայն, խոստացան` շարունակելու են գործադուլը նաև հետագա օրերին այնքան ժամանակ, մինչև իրենց բարձրացրած խնդիրը չլուծվի։

Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների և ակցիզային հարկի ավելացման արդյունքում հունվարի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված սեղմված գազի 1 խմ-ը թանկացել է 40 դրամով։