ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. 2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից: Այս մասին հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել Գևորգյան Դավիթը (ֆիզիկա, ոսկե մեդալ), Մաղաքյան Գագիկը (մաթեմատիկա, ոսկե մեդալ), Մարտիրոսյան Վահան (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Կարագուլյան Վահեն (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Սարգսյան Էմմա (ֆիզիկա, բրոնզե մեդալ): Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել Կարալյան Ալեքսանդրը (մաթեմատիկա), Անդրեասյան Սամվելը (ինֆորմատիկա):
ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:
Նշենք, որ այս տարի օլիմպիադային մասնակցել են 15 պետության 68 թիմ: