Ողբերգական դեպք Չարենցավանում. 13–ամյա տղան ընկել է ավտոմեքենայի տակ և մահացել

Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ և երեխան մահացել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հակոբյանը Չարենցավան քաղաքում՝ «Զոյա» խանութ-սրահի դիմաց, իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AN 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 13-ամյա Նարեկ Պողոսյանին: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխան մահացել է:

Լրատվամիջոցների նախնական տվյալներով՝ երեխան եղել է քրոջ հետ: Մեքենայի հարվածից նա մոտ 20-30 մետր շպրտվել է առաջ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և վարորդ Ա. Հակոբյանը ձերբակալվել է: