ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ինչպես հայտնի է՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը իրենց երրորդ երեխային են սպասում, որին լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը: Երեխայի ծնվելուն հաշված օրեր են մնացել: Նախատեսվում է, որ փոխնակ մայրը կծննդաբերի հունվարի վերջին: Այդ նպատակի համար հանրահայտ աստղերը փոխնակ մորը 45 հազար դոլար են վճարել:
Ինչպես հայտնում է elle.ru-ն` ապագա փոքրիկի ծնողները, ավելի ճիշտ մայրիկը, գումարներ չի խնայում երրորդ երեխային անհրաժեշտ պարագաներ, խաղալիքներ ու նվերներ գնելու համար: Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ՝ փոքրիկի ծնվելուն սպասող Քիմն այնպիսի հուզական վիճակում է, որ չի կարողանում վերահսկել իրեն և թանկարժեք գնումներ է անում:
Շոփինգն իսկական մոլուցք է դարձել նրա համար: Բանը հասել է նրան, որ Քանյեն կնոջից պահանջել է հաշվետվություն ներկայացնել իր վերջին գնումների մասին և անգամ մտադիր է ժամանակավորապես սառեցնել Քիմի որոշ հաշիվներ՝ մինչև իրենց դստեր ծնվելը: Քանյեն հույս ունի, որ դրանից հետո Քիմի՝ երեխայի համար անիմաստ գումարներ վատնելու մոլուցքը կհանդարտվի:
Քիմն արդեն 550 հազար դոլար է ծախսել մանկական սենյակի կահավորանքի և երեխայի խաղալիքների համար: Ընդ որում՝ աստղը նախընտրում է թանկարժեք խաղալիքներն ու մանկական պարագաները: Վերջերս նա 96 հազար դոլար է վճարել մանկական ծծակի համար, որն ամբողջությամբ պատված է ոսկով և հանրահայտ Suommo Dodo ապրանքանիշի արտադրանքն է: Նա նաև ճոճվող ձիուկ է գնել, որը պատված է սվարովսկի քարերով: Ձիուկի համար 100 հազար դոլար է վճարել: Իսկ Louis Vuitton ապրանքանիշի արջուկի համար չի ափսոսացել 170 հազար դոլարը:
Ննջարանի կահավորանքը, որի հեղինակը իտալացի ոճաբան Դոլչե Նոտեն է, Քիմի և Քանյեի ընտանիքին 40 հազար դոլար է արժեցել: Իրենց առանձնատանը Քիմը նաև մանկական սպա-սրահ է կառուցել՝ լողավազանով և յոգայի սրահով: Աղբյուրի տեղեկացմամբ՝ փոքրիկի հագուստի համար էլ Քիմն արդեն հասցրել է 100 հազար դոլար ծախսել: