ՀՀ նախագահը որևէ կուսակցության առաջնորդ չի լինելու. Շարմազանով

Իշխող ՀՀԿ–ն ՀՀ նախագահի իր թեկնածուին կսկսի քննարկել հինգշաբթի օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահը որևէ քաղաքական ուժի առաջնորդ չպետք է լինի։ Այսօր խորհրդարանում այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ–ի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա կրկնեց, որ կուսակցությունը դեռ չի որոշել, թե ում է ներկայացնելու որպես նախագահի թեկնածու (Սահմանադրության համաձայն նախագահն անկուսակցական է լինելու)։ Քննարկումները կսկսվեն հինգշաբթի, ՀՀԿ գործադիր մարմնի նիստին։

ՀՀ նախագահը կընտրվի մարտի 2-ին. ՀՀԿ-ն քննարկում է թեկնածուների հարցը

Հանուն ընդհանուր համաձայնության, թեկնածուն պետք է ունենա բոլոր քաղաքական ուժերի աջակցությունը։ Որովհետև երկրի նախագահը, կարելի է ասել, վերկուսակցական դեմք է լինելու, որը աշխատելու է բոլոր քաղաքական ուժերի հետ։

«Եվ համոզված եղեք, ՀՀԿ–ն կներկայացնի ունակ թեկնածուի, ով ասելիք ու անելիք ունի», – հայտնեց նա։

Այն հարցին, թե արդյոք ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը չի կատարելու թեկնածուի ընտրությունը, Շարմազանովը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը»։

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ նախագահը պետական իշխանության (օրենսդիր, գործադիր, դատական) համակարգողից կդառնա Սահմանադրության երաշխիք։ Նրա լիազորությունները հիմնականում ձևական բնույթ են կրելու։ Այդ պատճառով էլ պաշտոնը ևս քաղաքականից ներկայացուցչականի է վերածվելու, իսկ նախագահը լիազորությունների կատարման ընթացքում անկուսակցական է լինելու։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանը կպահպանի ներկայիս լիազորությունները ամբողջ ծավալով մինչև երկրորդ ժամկետի ավարտը` 2018 թվականի ապրիլը։