Ծաղկաձորում գերժամանակակից օլիմպիական մարզահամալիր կկառուցվի

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ նպատակով հսկայական գումար կտրամադրի իր անձնական միջոցներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերհզոր և գերժամանակակից մարզահամալիր: Այն նախատեսված կլինի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձևերի համար: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հրավիրել է տարբեր մարզաձևերի մասնագետներին՝ լսելու նաև նրանց առաջարկները:

«Ամբողջ մարզահամալիրը զբաղեցնելու է 3 հա տարածություն, իսկ կառուցման համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր անձական միջոցներից կտրամադրի 25-30 միլիարդ դրամ»,- հայտնում է ՀԱՕԿ-ը:

Նոր մարզահամալիրը կունենա միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50x25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար:

Էքստրիմ, փառատոներ և բուժում. Հայաստանում հանգիստը միայն Ծաղկաձոր գնալով չի սահմանափակվում

Մարզաձևերի յուրաքանչյուր կառույց ունենալու է իր շոգեբաղնիքներն ու ֆիթնես սրահները, որոնք հագեցած կլինեն ժամանակակից անհրաժեշտ վարժասարքերով: Կառուցվող օլիմպիական ավանում առանձին սենյակներ և լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար: Կգործի նաև մամուլի կենտրոն:

Առանձին սրահներ են նախատեսված մարզիչների համար, որտեղ մարզչական շտաբերն ուսումնամարզական հավաքների ընթացքում քննարկումներ կանցկացնեն, կդիտեն մրցակիցների ելույթների տեսագրությունները և ավելի արդյունավետ կկազմակերպեն նախապատրաստությունը:

Գերժամանակակից մարզահամալիրը հնարավորություն է ընձեռելու անցկացնել համատեղ հավաքներ այլ երկրների թիմերի հետ. կազմակերպել միջազգային մրցաշարեր: Օլիմպիական ավանը միաժամանակ կհյուրընկալի հարյուրավոր մարզիկների:

Բոլոր պայմանները կլինեն նաև մարզիկների լիարժեք հանգստի և ժամանցի համար՝ ընդարձակ այգիներ, կինոթատրոն, հանգստի սրահներ: