Շարմազանովը պաշտպանել է պաշտպանության նախարարին. Սարգսյանին մեղադրել են մուրացկանության մեջ

Պաշտպանության նախարարը կոչ է արել օգնել վիրավոր զինծառայողներին, ինչի համար նրան մեղադրել են կեղծ բարեպաշտության ու գթասրտության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի` վիրավոր զինվորին օգնելու ուղղված կոչը բանականության ու կարեկցության կոչ է։ Այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Պետք է զերծ մնանք էմոցիոնալ գնահատականների գայթակղությունից և իշխանության ներկայացուցիչներին, օրինակ` պաշտպանության նախարարին քննադատելու համար ցանկացած հումանիստական քայլ այլ տեսանկյունից ներկայացնենք։ Այս իմաստով ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, բայց կարծում եմ, որ մեր որդեգրած քրիոստոնեական արժեքները գթասրտություն են պահանջում, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է», — ասաց նա։

Ավելի վաղ պաշտպանության նախարարն իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել օգնել վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին։

«Իսկ ձեր 1000 դրամները վերջացա՞ն, թե սա մուրացկանության նոր ձև՞ է»,- հարցրել էր օգտատերերից մեկը։ «Մուրացկանն ինքդ ես», — պատասխանել էր նրան նախարարը։ «Ձեր արածն է ստիպում այդպես մտածել։ Այդքան բան», — պատասխանել էր օգտատերը։

Շարմազանովը պատասխանել է, որ նախարարը ոչ միայն կոչ է արել, այլ ինքն էլ է նվիրաբերում արել։ Նա վստահեցրել է, որ զինծառայողների օգնության համար ստեղծված «1000 դրամ» հիմնադրամի ամեն լուման իր նպատակին է ծառայում։

Պաշտպանության նախարարը հորդորում է փող հավաքել Ալբերտի համար