ԵՐԵՎԱՆ, 15 Հունվար — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր այցելել են և առանձնազրույցներ ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ:
Պաշտպանի աշխատակիցներն ուսումնասիրել են նաև նրանց առողջական վիճակն ու բժշկական փաստաթղթերը:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցի արդյունքում պարզվել է, որ հացադուլը դադարեցրած Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շարունակում է ստանալ վերականգնողական բուժում: Նա ենթարկվել է մի շարք հետազոտությունների:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Սմբատ Բարսեղյանը շարունակում է դեկտեմբերի 21-ից սկսած հացադուլը։ Նրա ինքնազգացողությունն, ըստ ՄԻՊ-ի, բավարար է: Հաշվի առնելով Բարսեղյանի հացադուլի տևողությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նրա հետագա բժշկական հսկողությունն իրականացնել ստացիոնար պայմաններում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող Արայիկ Խանդոյանը ենթարկվել է անհրաժեշտ վիրահատական միջամտության: Այցի պահին նա գտնվել է բժիշկների հսկողության ներքո, բայց պաշտպանի աշխատակիցները կարողացել են հանդիպել ու զրուցել նրա հետ։
Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։
Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին։