ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ենդովիշչե ռուսական գյուղում հրդեհի հետևանքով բազմազավակ հայ ընտանիք է տուժել, հայտնում է ՌԻԱ-Վորոնեժը` հղում անելով Սեմիլուկսկի շրջանի վերահսկիչ գործունեության բաժնի գլխավոր մասնագետ Նիկոլայ Սավրասովին։
Հրդեհը բռնկել է հունվարի 14-ին` ժամը 10:00-ին, կրակը վնասել է տանիքն ու տան ներքին սենյակները, ամբողջությամբ այրվել է տանը կից փայտե շինությունը։
«Հրդեհը նկատել է տանտերը։ Բռնկվել է տան մոտ գտնվող փայտե ցախանոցը։ Այնտեղ խմելու ջրի էլեկտրական պոմպ էր տեղադրված։ Հավանաբար հրդեհը բռնկվել է պոմպի անսարքության պատճառով։ Կարճ միացում է եղել», — ասել է Նիկոլայ Սավրասովը։
Նրա խոսքով` հայերի ընտանիքը գյուղում է ապրում 2016 թվականից։ Բազմանդամ ընտանիքում աշխատում է միայն հայրը։ Տանը 10, 3 և 3 տարեկան և ութ ամսական երեխաներ կան։ Ընտանիքին օգնության ձեռք են մեկնել տեղի բնակիչները։
Սակայն ընտանիքը գերադասել է ժամանակավորապես տեղափոխվել բարեկամների մոտ։
Սեմիլուկսկի շրջանի գյուղապետարանում ՌԻԱ-Վորոնեժի թղթակցին պարզաբանել են, որ տուժածներին կօգնեն պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը` նման դեպքերի համար հասանելիք նյութական օգնությունը ստանալու համար։