Վարչապետը ՊԵԿ–ին հրահանգել է Հայաստանը դարձնել նախանձելի երկիր. տեսանյութ

Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՊԵԿ, գնահատել կատարված աշխատանքներն ու տվել հանձնարարականներ 2018–ի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետեկամուտների կոմիտեի 2017թ-ի աշխատանքը գնահատել է դրական։ Այս մասին նա հայտարարել է այսօր ՊԵԿ կատարած այցի ժամանակ։

Վարչապետը կոմիտեի աշխատակիցներին հանձնարարել է 2018թ.-ին հետևողականորեն շարունակել աշխատանքը։

«2018թ-ին մենք doing business-ով, գործարարությամբ զբաղվելու առումով Հայաստանը պետք է դարձնենք հնարավորինս օրինակելի, նախանձելի երկիր։ Եթե այդ դաշտը մենք ապահովենք, մնացած բոլոր խնդիրները` որպես ածանցյալ, լուծվելու են»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ ՊԵԿ-ն ի զորու է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները, ինչը և անելու է 2018թ-ին։

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ՊԵԿ կատարած այցով մեկնարկում են նաև այլ պետական կառավարման մարմիններ այցելությունները, որոնց ընթացքում դրանց ղեկավարները վարչապետին հաշվետվություն կներկայացնեն 2017թ-ին կատարված աշխատանքների և 2018թ-ի ծրագրերի վերաբերյալ: