Մխիթարյանը լավագույններից մեկն է ԱՊԼ–ում, նա պետք է «Արսենալին». ֆուտբոլային փորձագետ

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը Հենրիխ Մխիթարյանին Անգլիական պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկն է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. «Արսենալը» պետք է Սանչեսին փոխարինի Մխիթարյանով։ Sports.com-ում այսպիսի կարծիք է հայտնել Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ սյունակագիր և ֆուտբոլային փորձագետ Փոլ Մերսոնը։

Մոուրինյոյի խոստովանությունը. Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է

«Կարծում եմ` Սանչեսի վաճառքն ու Մխիթարյանի ձեռքբերումը «Արսենալի» համար լավ գործարք կլինի։ Մխիթարյանին անկեղծորեն համարում եմ ԱՊԼ-ի լավագույն խաղացողներից մեկը, պարզապես նա կորցրել է վստահությունը», — նշել է Մերսոնը։

Փորձագետը համոզված է, որ եթե «Արսենալում» նա խաղա այնպես, ինչպես Դորտմունդի «Բորուսիայում», ապա «Արսենալը» լիգայի լավագույն խաղացողներից մեկը կունենա։

Մամուլում երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանը շատ շուտով կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Առավել հավանական է, որ կիսապաշտպանին կվարձակալի Միլանի «Ինտերը»։ Բացի այդ, ԶԼՄ-ները քննարկում են Հայաստանի հավաքականի ավագի անցումը «Արսենալ»։

Իտալական Corriere dello Sport պարբերականն իր հերթին հայտնել է, որ Մխիթարյանը կարող է անցնել Միլանի «Ինտեր» և դառնալ պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիոյի` «Ինտերից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասը։ Ժոաոյով հետաքրքրված է Ժոզե Մոուրինյոն։