«Աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է». Արա Գյուլերի ակնարկը թուրքական իշխանությանը

Արա Գյուլերի պատվին կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահի խոսնակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի— Sputnik. Ստամբուլում, աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին հատուկ երեկո է կազմակերպվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am—ը։

Միջոցառմանը հյուրերի թվում է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Գյուլերի հայկական աչքը. Ստամբուլն` առանց սուլթանական շքեղության

Նա, ելույթում շեշտելով Արա Գյուլերի աշխատանքների կարևորությունը, ասել է. «Նրա լուսանկարները պատմություն են պատմում. Դալիի պատմությունը, Պիկասոյի պատմությունը: Դա մեզ համար շատ կարևոր է, քանզի մենք պատմություններ, հեքիաթներ ունեցող հողերի զավակներ են»:

Պատմության կարևորության մասին խոսելով ինքը՝ Արա Գյուլերը նշել է, որ աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է, քանի, որ միայն պատմության միջոցով կարող ես անցյալի մասին իմանալ:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր և ազգային հավաքածուներում: