Թանկացումների դեմ պայքարի 2 ճանապարհ կա. խորհրդարանական իշխանության և ընդդիմության առաջարկները

Գնաճը կանխելու համար ԱԺ-ն իշխանական թևն առաջարկում է լսումներ կազմակերպել, ընդդիմությունը՝ փոխել հարկային օրենսգիրքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվար — Sputnik. ԱԺ-ը որոշել է քննարկել Հայաստանում հունվարի 1-ից տեղի ունեցող թանկացումները: Այս մասին այսօր խորհրդարանի այս տարվա առաջին նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ տեղեկացնելով, որ հունվարի 23-ին, ժամը 11-ին ԱԺ-ում հրավիրվում են այս հարցով լսումներ:

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, միայն լսումներ անցկացնելու գաղափարը չողջունեցին:

Նախագահին անհանգստացրել է գնաճը. նա հանձնարարել է ուսումնասիրել պատճառները, մեղմել հետևանքները

«Այնպիսի տպավորություն է` կարծես հանրապետական մեծամասնությունն ու իշխանությունները նոր են իմացել թանկացումների մասին: Սա ուղղակի գազը բաց թողնելու միջոցառում է»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ սպասվող թանկացումների մասին հայտնի էր դեռ 2017թ-ի ընթացքում:

«Այնպես եք զարմանում, կարծես, չէիք հասկանում, որ ձեր կատարած քայլերն են հանգեցրել այս վիճակին: Երբ բենզինի ակցիզային հարկը 20-ից 25 հազար դրամ էիք դարձնում, երբ դիզվառելիքի հարկային բեռի ավելացում էիք նախատեսում, հիմա այս թանկացումները շղթայական էֆեկտ ունեն: Ես կարծում եմ` անիմաստ է լսումներ կազմակերպելը: Պետք է հրատապ հարկային օրենսգիրքը մտցնել խորհրդարան ու հրատապ փոփոխություններ կատարել»,- առաջարկեց Մարուքյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ 2017թ-ի պաշտոնական վիճակագրության համաձայն` դեռ անցյալ տարի գնաճը հասել է աննախադեպ չափերի: «Կարագը թանկացել է 41%-ով, խոզի միսը՝ 38%-ով, լոլիկը՝ 31%-ով, գառան միսը՝ 28%-ով, կարտոֆիլը՝ 28%-ով, ձուկը՝ 23%-ով, տավարի միսը՝ 17%-ով, դիզելային վառելիքը՝ 18%-ով, բենզինը՝ 18%-ով և այլն: Հունվարի 1-ին նոր հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո այս գնաճը նոր տեմպ, նոր թափ է ստացել»,- ասաց Փաշինյանը՝ հավելով, որ այս տարի ուժի մեջ է մտնում նաև պարտադիր կուտակային բաղադրիչը, որն էլ ավելի է լարելու իրավիճակը:

«Ճակատագրական ձվերն» ու գնաճը. կկայանա արդյո՞ք բողոքի ակցիան

Գնաճը կանխելու միակ միջոցը, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, ակցիզային և ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի նվազեցումն է:

Իշխանություններին այս առաջարկներն ընդունել տալու միակ միջոցն, ըստ Փաշինյանի, հանրության պահանջն է, ինչի համար ընդդիմությունը հունվարի 19-ին նախաձեռնում է գնաճի դեմ բողոքի ակցիա:

Հիշեցնենք` հունվարի 1-ից Հայաստանում բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Հիմնական պատճառը ակցիզային հարկի ավելացումն է: Բենզինի 1 տոննայի դիմաց գանձվող ակցիզային հարկը 25 հազար դրամից հասել է 40 հազար: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի հարկը 2018-ի հունվարի 1-ից 63 տոկոսից դարձել է 73 տոկոս: