6 «КАМАЗ» վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 անօդաչու թռչող սարք. ՌԴ–ի հերթական նվերը

ՀՀ և ՌԴ միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ՝ 2017-18 թթ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի ներկայությամբ կայացավ ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Այս խմբաքանակը ներառում է 6 միավոր հատուկ պատվիրված «КАМАЗ» մակնիշի վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 միավոր անօդաչու թռչող սարք և շարժական դաշտային խոհանոց:

Ի՞նչ դաս տվեց Խոսրովի հրդեհը հայ փրկարարներին. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցնող տարին

«КАМАЗ» մակնիշի ամենագնացները նախատեսված են բարձր լեռնային գոտիների, դժվարամատչելի վայրերի, ճանապարհների, ինչպես նաև` անտառային հրդեհների համար: Դրանք ունեն շուրջ 800 լիտր տարողությամբ ջրային և փրփուրային բակ: Այս մեքենաները կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր, գերհզոր լուսային աշտարակ և այլն՝ դժվարամատչելի գոտիներում պատահարներին արձագանքելու համար: Ամենագնացների լուսային համակարգը, մասնավորապես, հնարավորություն կտա մեքենայի անձնակազմին աշխատել նաև գիշերային ժամերին՝ մթության պայմաններում՝ առանց հետաձգելու հրդեհաշիջման աշխատանքները: Մեքենաները կարող են տեղափոխել 6 հոգանոց անձնակազմ:

ԱԻ նախարարին ներկայացրեցին նաև անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են մարդկանց համար անհասանելի վայրերում մշտադիտարկում և իրավիճակի հետազոտություն կատարելու համար: Դրանք զինված են նորագույն տեսախցիկներով, որոնք հնարավորություն են տալիս որոնողափրկարարական աշխատանքներ կատարել անտառային և լեռնային պայմաններում:

Նախարարը ծանոթացավ նաև շարժական դաշտային խոհանոցի հնարավորություններին: Այն նախատեսված է դաշտային պայմաններում 200 հոգանոց անձնակազմին ողջ օրվա ընթացքում սպասարկելու համար:

Նախարար Տոնոյանը հանձնարարեց ստացված գույքը՝ մասնավորապես ամենագնաց մեքենաները, բաշխել հանրապետության այն մարզերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը գերակա է, նա նաև հանձնարարեց ապահովել այդ մեքենաները և սարքավորումները սպասարկող անձնակազմի վերապատրաստման գործընթացը՝ ՌԴ-ից ժամանած մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստել բարձր որակավորմամբ կադրեր:

Տրամադրված գույքի մեծ մասը կհատկացվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային և քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն ՀՀ և ՌԴ միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017-18 թթ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն: