ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ղարաբաղյան հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել մեկ փաստաթղթի ստորագրմամբ, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հնարավոր չէ մեկ փաստաթղթով այդ խնդիրը մեկընդմիշտ լուծել։ Հարկավոր է փուլային մոտեցում, որը կարտացոլի պայմանավորվածություններն այն բանի շուրջ, ինչը հիմա հնարավոր է ու որը կորոշի աշխատանքն այն հարցերի շուրջ, որոնք վերջնական կարգավորման հասնելու համար լրացուցիչ քննարկումներ են պահանջում` ներառյալ Արցախի կարգավիճակը», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով` հիմա կարևոր է, որ շփման գծում ավելի հանգիստ իրավիճակ լինի։ Դա կնպաստի քաղաքական կարգավորմանը։
Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ համատեղ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, անում են ամեն ինչ` կարգավորման համար պայմաններ ստեղծելու։
«Ռուսաստանը չի կարող կոնկրետ նախագծեր ունենալ ղարաբաղյան հակամարտության լուծման համար, քանի որ խնդիրը կարող են լուծել միայն հակամարտող կողմերը։ Մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրել, որպեսզի կողմերի դիրքորոշումներն ամփոփելով` փորձենք առանձնացնել խնդրի այս կամ այն կետերին համընկնող մոտեցումները, փորձենք փոխզիջման ճանապարհներ հուշել, որպեսզի այդ փոխզիջումները կողմերին ընդհանուր հայտարարի բերեն վիճելի հարցերի շուրջ», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով` այդ աշխատանքն անցկացվել է ինտենսիվորեն, կանոնավոր, ու 2017–ին Մինսկի խմբի բոլոր առաջարկությունները ներկայացվել են կողմերին։
«Կողմերը գիտեն` համանախագահներն ինչ են կարծում, սակայն որոշումը նրանցն է։ Իհարկե, մենք ակնկալում ենք, որ երկու կողմն էլ դրական արձագանք կտան։ Մենք ուրախ ենք, որ անցած տարի նախագահների ու ԱԳ նախարարների հանդիպում կայացավ։ Այնպես որ, մնում է կողմերը որոշեն», – ընդգծել է Լավրովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ Ժնևում կրկին բանակցային սեղանի շուրջ նստած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել էին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու և շփման գծում լարվածության կրճատման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Հանդիպումից մի քանի օր անց դիպուկահարի կրակոցից առաջնագծում Արցախի բանակի զինվոր սպանվեց։