Կրակոց մեջքից. Արմավիրում տղամարդը որսորդական հրացանից կրակել է համագյուղացուն

Տղամարդիկ իրենց գյուղում վիճել են կենցաղային հարցերի շուրջ, վեճն ավարտվել է կրակոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 14-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «մեջքի ծակծկված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավոր քաղաքացին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ է` 29 տարեկան Արմենակ Միքայելյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա կատարվածի մասին չի կարող տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է հիվանդասենյակում։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։20-ի սահմաններում իրենց գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճել են նույն գյուղի 19-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Արշակ Արզումանյանն ու վիրավորը։ Արզումանյանն իր մոտ եղած «ՄՌ-155» տիպի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է Միքայելյանի ուղղությամբ, նա էլ թիկնային հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել։

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 23։30-ի սահմաններում Ա. Արզումանյանի Opel Astra մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը Արզումանյանի ընկերը՝ համագյուղացի, 45-ամյա Գառնիկ Ահարոնյանը, ներկայացրել է Ոստիկանության Արմավիրի բաժին։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արզումանյանին հայտնաբերելու ուղղությամբ։