Գեղարքունիքում ավտոմեքենան բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. 27-ամյա վարորդը մահացել է

Նախնական տվյալներով՝ մահացածը աշխատում էր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես Գեղարքունիքի մարզի պատասխանատու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 40 բ շենքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի 16 QQ 888 հարարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Տ. Ղազարյանը, որին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:

Նախնական տվյալներով՝ մահացածը աշխատում էր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես Գեղարքունիքի մարզի պատասխանատու: Բախման հետևանքով ավտոմեքենայի անվահեծանն ու գազաբալոնը պոկվել և շպրտվել էր: