Հայի և ադրբեջանցու ընկերության մասին ֆիլմը պատրաստ է. նախկին պատգամավորը սպասում է հարմար առիթի

«Փաստ» օրաթերթն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկարահանած նոր ֆիլմին, որը ներկայացնում է 1988-2016 թվականը տեղի ունեցած դեպքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Փաստ» օրաթերթին տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները, և սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ի դեպ, Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է՝ «Մենք ընկերներ ենք» հայի և ադրբեջանցու ընկերության մասին է:

«Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից և շարունակվում է մինչև մեր օրերը, մինչև 2016 թվականի ապրիլ ամիս: Ո՛չ մենք, ո՛չ մեր քաղաքական մեծամասնությունը, ոչ էլ մեր հանրապետության նախագահը երբեք ու երբեք կողմ չենք եղել պատերազմի: Ընդհակառակը, միայն խաղաղության ճանապարհով ենք գնացել և մեր ֆիլմերն էլ են այդ մասին»,- ասել է Հակոբյանը:

Նրա խոսքով` Եթե մեր հարևանները մեր հանդեպ ուժ կիրառեն, ապա բնական է, որ մենք էլ պետք է համապատասխան ուժ կիրառելով մեր երկիրը պաշտպանենք, բայց մենք երբեք էլ պատերազմին կողմնակից չենք եղել:

«Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիևի վարած քաղաքականության հետևանքն է, թե չէ ժողովուրդն ինչ մեղք ունի: Մենք երբեք էլ չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է, այլ ասել ենք, որ այդ երկրի վարած քաղաքականությունն է վատը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարևանության: Եվ այդ դեպքում, եթե կլինեն քննադատողներ, թող մեզ քննադատեն»,- ասել է Հակոբյանը: