Թանկացել է Ռուսաստան մեկնող ավտոբուսների ուղեվարձը

«Ժամանակ» թերթը գրում է, որ մի շարք ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը զգալի թանկացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Թեև քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը: Այս մասին հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։

«Օրինակ՝ «Բասթրավել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է: 24-25 հազար է դարձել նաև Երևան-Սամարա տոմսը: Այն Նախկինում 20 հազար դրամ էր»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` 5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Ֆարսաժ-տուր» ընկերությունը: Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ: Նույնքան էլ թանկացել են նաև դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով տոմսերը»: