Հայ ֆուտբոլասերը կկարողանա աշխարհի գավաթը տեսնել Հայաստանում

Ֆուտբոլի աշխարհի գավաթը երկրորդ անգամ «կժամանի» Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգիր չնվաճեց, բայց հայ ֆուտբոլասերը, միևնույն է, կկարողանա տեսնել այն գավաթը, որ շնորհվելու է աշխարհի չեմպիոն հավաքականին:

2018 թվականի հունիսի 14-ին Ռուսաստան- Սաուդյան Արաբիա խաղով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը: Մինչ այդ Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան (FIFA) որոշել է աշխարհի գավաթի «շրջագայություն» կազմակերպել, որի շրջանակում բաղձալի գավաթը կբերվի նաև Հայաստան:

Ֆուտբոլի աշխարհի գավաթը արդեն մեկ անգամ բերվել է Հայաստան: 1999 թվականին աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի և Հայաստանի հավաքականների երևանյան խաղից առաջ բազմաթիվ ֆուտբոլասերներ կարողացան տեսնել այն մրցանակը, որը 1998 թվականին նվաճել էր Ֆրանսիայի հավաքականը:

Այս անգամ արդեն ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության մեկնարկից առաջ FIFA World Cup Trophy Tour-ի շրջանակում ֆուտբոլի աշխարհի գավաթը տեսնելու հնարավորություն է տալու աշխարհի բոլոր ֆուտբոլասերներին:

Աշխարհի գավաթն իր «ուղևորությունը» սկսելու է հունվարի 22-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնից։ Նախատեսված է, որ այն պետք է «շրջի» 50 երկրում:

Փետրվարի 4-ին աշխարհի գավաթն արդեն կլինի հետխորհրդային տարածքում` առաջինն այցելելով Ալմաթի, ապա Բիշքեկ, Դուշանբե, Տաշքենդ, Աշխաբադ, իսկ հետո` Երևան:

Առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե հայ ֆուտբոլասերները որտեղ և ինչպես կարող են տեսնել ֆուտբոլի աշխարհի գավաթը, որը պատրաստված է ոսկուց, կշռում է 6.175կգ և ունի 36.5 սմ բարձրություն: