Արցախցիները նույնպես կմասնակցեն 1000-ական դրամի հանգանակությանը

Արցախում արդեն ուժի մեջ է մտել 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը: «Արցախպրեսը» տեղեկացնում է, որ այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ասել է Արցախի Հանրապետությանը ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Օրենքը վերաբերելու է բոլոր աշխատողներին՝ անկախ նրանից` նրանք աշխատում են պետական, թե մասնավոր հատվածում: Օրենքով նախատեսվում է մի բացառություն, որ եթե անձը ստանում է նվազագույն աշխատավարձ, ապա այդ գումարը պետք է նրա փոխարեն գործատուն վճարի: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարները կպահվեն վարձու աշխատողներից ամսական 1000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում տարեկան 12 հազար դրամ»,- ասել է Մարտիրոսյանը

Նա ավելացրել է, որ իրենց գնահատականներով` հիմնադրամին Արցախից տարեկան կուղղվի մոտ 700-800 միլիոն գումար: