Ադրբեջանում կորած գիտնականը գտնվեց

Ադրբեջանում Ռուսաստանի դաշնության դեսպանատանը հայտնել են, որ նրան ձերբակալել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ադրբեջանի իշխանությունը տեղեկացրել է Ռուսաստանի դեսպանությանը, որ գիտնական Դմիտրի Չուլկովին ձերբակալել են սահմանային գոտի այցելելուց հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կորել է ՌԴ քաղաքացի, ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը։ Նա Գյանջա է մեկնել հունվարի 3-ին և մնացել քաղաքի մասնավոր իջևանատներից մեկում։ Հունվարի 5-ին գնացել է Գյոյգյոլ լիճը տեսնելու։ Իջևանատերը խորհուրդ է տվել գնալ տաքսիով, բայց նա նախընտրել է ոտքով գնալ ու չի վերադարձել։

«Ադրբեջանում ՌԴ դեսպանությանը հայտնել են, որ նրան ձերբակալել են։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում Չուլկովին հայրենիք վերադարձնելու համար։ Տեղի ունեցած մասին հայտնել են նրա հարազատներին»,- ասել է մամուլի քարտուղարը։

Տեղեկություններ կան, որ Չուլկովը մտել է հսկվող տարածք։ Պետանվտանգության աշխատակիցները գնացել են իջևանատուն, հարցեր տվել սեփականատիրոջը և տարել նրա իրերը։

Չուլկովը պետք է Ադրբեջանից մեկներ հունվարի 10-ին։