Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի՞ կմեկնեն Տաջիկստան

Տաջիկստանի և Հայաստանի քաղաքացիների՝ առանց վիզաների փոխադարձ երկրներ այցելելու հարցը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստանի ու Տաջիկստանի քաղաքացիների փոխադարձ այցելությունները կհեշտանան։ Համապատասխան օրենքի նախագիծն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը ներկայացվեց հունվարի 11-ին:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ համաձայնագիրը վերաբերում է նրան, որ Տաջիկստանի և Հայաստանի քաղաքացիները փոխադարձաբար միմյանց երկրներ կկարողանան այցելել առանց վիզաների:

«Կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավելի, քան 90 օր, և համաձայնագրում հստակեցված է, որ սա այն դեպքում, եթե պետությունը իր օրենսդրությամբ ավելի դյուրին պայմաններ չի ստեղծում»,- ասաց նա:

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին, որպեսզի օրենքի նախագիծն ընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում: