Ամեն բան կորած չէ. գյուղնախարարությունը մեծ հույսեր է կապում ձյան հետ

Երեկ տեղացած ձյունն ամենից շատ ուրախացրել է գյուղացիներին ու գյուղնախարարությանը։ Ցուրտն ու ձյան ծածկույթը կարող են փրկել բերքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ձմեռային երաշտ այս պահին չկա. այսօր Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում վստահեցրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը` նշելով, որ երեկ տեղացած ձյունը, թեև որոշ վայրերում բարակ ծածկույթով, բայց ծածկել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակավայրերը։

«Ծառերի բողբոջելու հետ կապված մտավախություն այս պահի դրությամբ արդեն չկա, որովհետև որոշ տեղեր ջերմաստիճանի անկում է գրանցվել, որոշ հատվածներում գրանցվել է —3-ից մինչև —8 աստիճան։ Նշանակում է, որ այս պահին բողբոջելու ռիսկ չկա»,- ասաց Հարությունյանը։

Իսկ առանձին տեղերում բողբոջած ծառերը, նրա խոսքով, չեն նշանակում, թե պտղատու այգիներում համատարած բողբոջում է սկսվել։

Ձյան ու անձրևի պայքարը մոտենում է. եղանակի տեսություն

Ծառերը սկսում են բողբոջել, երբ տևական ժամանակ պահպանվում է ոչ միայն օդի, այլև հողի 8-9 աստիճան տաքություն։ Հայաստանում օդի ջերմաստիճանը թեև դեկտեմբերին ու հունվարի առաջին տասնօրյակում բարձր էր, բայց, փոխնախարարի հավաստմամբ, ոչ այնքան, որ տաքացներ նաև հողը։

Ինչ վերաբերում է աշնանացան ցորենի ցանքատարածություններին, Հարությունյանը հայտնեց, որ չնայած ձյան ծածկի բացակայությանը, չի դիտվել այնպիսի ցուրտ, որը կարող էր վնասել դրանք, իսկ երեկ տեղացած և առաջիկա օրերին սպասվող ձյունը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև ցորենի վրա։