ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Իրանում բողոքների հիմնական նախաձեռնողը եղել է Իսրայելը, այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Նրա խոսքով` բանն այն է, որ դեկտեմբերի 26–ին ստորագրվել է կարևոր փաստաթուղթ, որի համաձայն պաղեստինական «ՀԱՄԱՍ» և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպությունները պայմանավորվել են ստեղծել ընդհանուր համակարգման կենտրոն։
Այդ կենտրոնի աշխատանքին կմասնակցեն «Հաշդ աշ Շաաբի» իրաքյան խմբավորման ներկայացուցիչները։ Սա շիական կազմակերպություն է, որը մասնակցել է Իսլամական պետությունից Իրաքի տարածքն ազատագրելուն, քրդերից Քիրքուկը հետ նվաճելուն։
«Ե՛վ Հեզբոլլահը, և՛ Հաշդ աշ Շաաբին անմիջականորեն կապված են Իրանի հետ», – ասաց Շաքարյանցը։
Նա կարծում է, որ Իսրայելը արագ Իրան է ուղարկել իր հետախուզական գործակալներին հենց ՀԱՄԱՍ–Հեզբոլլահ համաձայնագրի ստորագրման պատճառով, քանի որ դա անմիջականորեն սպառնում է նրա շահերին։
Քաղաքագետի խոսքով` հենց այդ համաձայնագրի ստորագրումից հետո (երկու օր անց) Իրանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Իհարկե, առկա է սոցիալ–տնտեսական գործոնը, սակայն այն վճռորոշ չէ։
«Իզուր չէ, որ ԱՄՆ–ի և Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ Իրանում «հեղափոխությունը» պետք է շարունակվի», – ասաց Շաքարյանցը։
Իրավիճակն ապակայունացնելու փորձերը ձախողվել են, իսկ Իրանը, քաղաքագետի կարծիքով, օգտվել է իրավիճակից և բացահայտել գաղտնի կազմակերպություններ, որոնք կառավարվում են դրսից։
Շաքարյանցը նշեց, որ պաշտոնական տվյալներով ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ։
«Եթե Արևմուտքում կամ նույնիսկ Երևանում ասում են` ժողովուրդն ընդվզել է, ապա դա ծիծաղելի է։ Նույնիսկ, եթե այնտեղ ընդվզողները 500 հազար լինեին, ապա 80–միլիոնանոց Իրանում նրանց չի կարելի մեծամասնություն անվանել», – կարծում է Շաքարյանցը։
Նրա խոսքով` իշխանությունները դուրս են եկել իրավիճակից` 4 հազար ձերբակալվածներից վանդակի հետևում թողնելով միայն նրանց, ովքեր զինված են եղել, կամ այլ հանցագործություններ են կատարել (խանութներ են կողոպտել և փչացրել մասնավոր գույքը)։
Իրանում բողոքի ակցիաները բռնկվել են դեկտեմբերի վերջին օրերին և տևել մի քանի օր, սակայն ճնշվել են իշխանությունների կողմից։ Պաշտոնական Թեհրանը մեղադրել է արտաքին ուժերին երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ։
Իրանի խոշոր քաղաքներում անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից սոցիալական բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ցույցերը կապված են երկրի ներքին խնդիրների, ինչպես նաև այլ երկրների կողմից ոտնձգությունների հետ։ ԶԼՄ-ների տվյալներով, անկարգությունների զոհ է դարձել 20 մարդ։