Շառլ Ազնավուրն ու Վարդան Պետրոսյանը հանդիպել են ընդհանուր սեղանի շուրջ. լուսանկարներ

Աշխարհահռչակ երգչի դուստրը հրապարակել է հոր ու հայտնի դերասանի լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, Facebook սոցիալական ցանցի իր էջում մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնցում Շառլ ազնավուրն ու հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը նստած են մի սեղանի շուրջ։

«Կարևոր օր ազատված Վարդան Պետրոսյանի, նրա կնոջ՝ Անիի և հրաշալի դստեր հետ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է հայրիկը նշում ինչ-որ բան»,- գրել է Սեդա Ազնավուրը։

Մեկ այլ լուսանկարի տակ էլ նա գրել է. «Սիրում եմ»։

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետևանքով 7 մարդու տեղափոխել էին հիվանդանոց, այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին: Ավելի ուշ վիրավորներից երկուսը` Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին, իսկ հայտնի դերասանը 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Դերասանը պատժի կրումից վաղաժամկետ ազատվել էր 2017 թ–ի մարտին և մեկնել Ֆրանսիա։