Երևանը փոթորկվո՞ւմ է. բողոքի երթի մասնակիցները պահանջում են տեղափոխել «Սասնա ծռերին»

Բողոքի երթի մասնակիցները պատկան կառույցներից պահանջում են «Սասնա ծռեր» խմբի` հացադուլ հայտարարած անդամներին տեղափոխել ավելի բարենպաստ պայմաններով պահման վայրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. «Սասնա ծռերի» աջակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանի կենտրոնական փողոցներում։ ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց մեկնարկած ակցիան վերածվել է երթի և ավարտել Հանրապետության հրապարակում։

1 / 4
Բողոքի երթ
2 / 4
Բողոքի երթ
3 / 4
Բողոքի երթ
4 / 4
Բողոքի երթ

Ակցիայի մասնակիցները պահանջում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ`հայտարարելով, որ այնտեղ պահման պայմաններն ավելի բարենպաստ են նրանց առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար։

Նշենք, որ Արմեն Բիլյանը 23 օր առաջ է հացադուլ հայտարարել, Սմբատ Բարսեղյանը` 21 օր առաջ։ Որոշ տեղեկություններով, նրանք պահվում են 6 հոգանոց խցում, որտեղ 13 կալանավոր կա։

Հավաքվելով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, ապա օմբուդսմենի հետ հանդիպման ընթացքում խմբի անդամների աջակիցները ներկայացրին իրենց պահանջները։ Պաշտպան Արման Թաթոյանը վստահեցրեց, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, հարցում է ուղարկել ՔԿՀ ղեկավարությանը, բայց առայժմ պատասխան չի ստացել։

«Սասնա ծռերից» երեքին ցմահ ազատազրկում է սպառնում

Պաշտպանը խոստացավ առաջիկայում հատուկ ձևավորված խմբի միջոցով չհայտարարված այց կատարել ՔԿՀ-ներ` դատապարտյալների առողջական վիճակը պարզելու համար։

«ՄԻՊ գրասենյակն իրավասու չէ կազմակերպել դատապարտյալների տեղափոխության հարցը, մենք միայն տեղափոխության հարց բարձրացնելու իրավասություն ունենք»,- ասաց Պաշտպանը։

ՄԻՊ-ի գրասենյակից դուրս գալուց հետո ակցիայի մասնակիցները «Սասնա ծռեր» վանկարկումներով երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ մի պահ փորձեցին փակել երթևեկելի հատվածը։ Բայց ոստիկանները նրանց հրեցին դեպի մայթ ու բացեցին փողոցը։ Դրանից հետո բողոքի երթը շարժվեց Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։

Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին։