ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Գլոբալ տաքացման ֆոնին կլիմայի ապագա փոփոխությունն անհնար կդարձնի կյանքը Երկիր մոլորակի վրա, կարծում է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։ Աշխարհահռչակ գիտնականն այդ մասին պատմել է իր «Սիրելի վայրեր» տեսանախագծի երկրորդ դրվագում (Stephen Hawking's Favourite Places)։
Պրոֆեսորն ասում է, որ Երկիրը կարող է կրկնել Վեներայի ճակատագիրը, եթե ջերմոցային էֆեկտի խնդիրը չլուծվի։ NASA-ի հետազոտությունների համաձայն` չորս միլիարդ տարի առաջ Վեներան հիշեցրել է Երկիրը. այդ մոլորակի վրա ջուր և բուսականություն է եղել, իսկ ջերմաստիճանը համապատասխանել է մեր մոլորակի ջերմաստիճանին։ Սակայն մթնոլորտում ջերմոցային գազերի կուտակումը հասցրել է նրան, որ Վեներայի ջերմաստիճանը հասել է 460 աստիճան տաքության։
Հաշվի առնելով, որ Երկիրը 4,5 միլիարդ տարեկան է, արդեն 200-500 տարի հետո մարդկությունը պետք է նոր տուն փնտրի, կանխատեսում է Հոքինգը։
«Երբ մյուս անգամ հանդիպեք մեկին, ով հերքում է կլիմայի փոփոխությունը, նրան ուղարկեք Վեներա։ Ես կվճարեմ ուղևորության համար», — CNET կայքը մեջբերում է ֆիզիկոսի ասածը։
Ավելի վաղ Սթիվեն Հոքինգը կանխատեսել է, որ մարդկությունը կկործանվի 2060թ-ին։ Գիտնականի կարծիքով` Երկրի բնակչությունը կաճի, էներգիայի սպառումը կավելանա, իսկ մոլորակը կվերածվի «վառվող հրե գնդի»։