ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Նախագահի ուղերձը նախարարներին ուղղված կշտամբանք էր»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ նախագահի` կառավարության անդամներին տված հանձնարարականներին։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Նախագահի ուղերձները ինչ-որ տեղ նաև կշտամբանքի խոսք էին` ուղղված նախարարներին, կարծում է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։

Ինչ վերաբերում է հունվարի 1-ից հետո գրանցված թանկացումներին, անդրադառնալով սեղմված գազի գնի բարձրացմանը, Ատոմ Մարգարյանը նշեց, որ դրա ազդեցությունը ապրանքների գնի վրա 0.35% է կազմում, ինչը բավականին բարձր է։ Նույնը, նրա խոսքով, վերաբերում է նաև բենզինին և դիզվառելիքին։

«Իսկ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի բարձրացումը բյուջեն լցնելու ստանդարտ գործիք է, բայց վառելիքի թանկացումը լուրջ թեմա է»,- ասում է Մարգարյանը։

Այն, որ հունվարի 1-ից մեկ գիշերվա մեջ բոլոր վաճառողները նույն չափով բարձրացրին գները, Մարգարյանը մտահոգիչ փաստ է համարում` հավելելով, որ հաշվի չառնվեց պահեստավորված վառելիքի պաշարների առկայությունը։ Այս առումով նախագահի ուղերձը, որ շուկայում գինը ոչ թե պետք է սահմանվի, այլ կարգավորվի, տնտեսագետը տեղին է համարում։