Նուշիկյանը Դալմայի այգիներում նոր զվարճանքի կենտրոն կկառուցի

Երևանում նոր ժամանցի կենտրոն կկառուցվի։ Կառավարությունը հավանության է արժանացրել Գարեգին Նուշիկյանի նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Երևանում նոր ժամանցի կենտրոն կառուցելու նախագծին։ Նոր կենտրոնի սեփականատերը «Նուշիկյան ասոցիացիայի» սեփականատեր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ընկերությունն է։ Նոր ընկերությունը պետական գրանցում է ստացել 2017թ–ի հուլիսի 12-ին։ Միակ սեփականատերը, պետռեգիստրի տվյալներով` Գարեգին Գագիկի Նուշիկյանն է։

Կառավարության որոշման նախագծում նշված է, որ նոր կառույցը լինելու է մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի` գերժամանակակից ատրակցիոններով հագեցած կենտրոն։ Որոշման նախագիծը կառավարություն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով` այդ նպատակով ընկերությանը վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրելու է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարող 27 հա հողամասը: Վարձակալության գումարը գաղտնի է պահվում։ Այն որոշման մեջ նշված չէր։

Նշենք, որ այն կառուցվելու է նախկին Դալմայի այգիների տարածքում։ «Պարկ գրուպը» պարտավորվել է 22 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել։ Ժամանցի կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 5 տարի հետո։Ընկերությունը խոստանում է ապահովել 350 մշտական աշխատատեղ և կանաչապատել ու բարեկարգել տարածքը։

Ներդրումային ծրագրի համաձայն` նախատեսված է տարածքի 70%-ը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ։ Մնացած 25-30%-ը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, սպորտային հրապարակները, խաղահրապարակները և ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոններն ու այլ կառույցները չպետք է գերազանցեն տրամադրված հողամասի 7%-ը: