ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի այցելուն միզել է հիմնարկի արգելված գոտում, որից հետո սկսել է հայհոյել քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակիցներին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։
2017թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 14:00-ի սահմաններում «Արմավիր» ՔԿՀ վարչական շենքի մոտ տեղի է ունեցել միջադեպ՝ հիմնարկի այցելուների մասնակցությամբ:
Պարզվել է, որ ՔԿՀ այցելած մի քաղաքացի նույն հիմնարկի աշխատակցի կողմից արգելված գոտուն չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո սկսել է բարձրաձայն հայհոյել:
Այնուհետև մոտեցել է ՔԿՀ-ի գլխավոր մուտքի դռանը, որտեղ գտնվել են նրա հետ այցելած այլ անձինք, ովքեր նույնպես սկսել են բարձրաձայն հայհոյել՝ խախտելով հասարակական կարգը:
Դեպքի առթիվ «Արմավիր» ՔԿՀ հետաքննության բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ըստ ենթակայության՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Քննիչը 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
«Արմավիրը» անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկն է, որի շենքը շահագործման են հանձնել 2014 թվականին։